Փոփոխություններ Երևանում արտաքին գովազդի վերաբերյալ որոշման մեջ

Արտաքին գովազդի նկատմամբ հետաքրքրությունը մշտապես աճում է։ Թվային դարաշրջանում մեծ և փոքր բիզնեսների համար դրսում տեղադրված գովազդն առաջարկում է այնպիսի մրցակցային առավելություններ, որոնցից շատերն են ցանկանում օգտվել։ Այս հանգամանքով պայմանավորված՝ արտաքին գովազդի տեղադրման պահանջարկը մեծ է հատկապես մայրաքաղաքում։ 

Պետական մարմիններն օրենքների և իրավական փաստաթղթերի միջոցով կանոնակարգում են արտաքին գովազդի ոլորտը։ Արտաքին գովազդի տեղադրման, ծավալների և բովանդակության հետ կապված օրենսդրական կարգավորումներին և սահմանափակումներին անդրադարձել ենք մեր նախորդ բլոգներից մեկում։ 

Մայրաքաղաքում արտաքին գովազդի ոլորտում իրավական կարգավորումները սահմանվում են Երևանի Ավագանու կողմից։ Երևանում, այդ թվում` տրանսպորտային միջոցների վրա, գովազդ տեղադրելու թույլտվությունը տալիս են Երևանի վարչական շրջանների ղեկավարները:

Արտաքին գովազդի տարածմանը զուգահեռ` հաճախակի են հնչում մտահոգություններ՝ կապված արտաքին գովազդային կրիչների առատության հետ, որոնք կարող են բացասաբար ազդել քաղաքի ճարտարապետական տեսքի վրա։ Հերթական անհանգստությունն արտահայտվեց սույն թվականի ապրիլի 23-ին կայացած Երևանի Ավագանու նիստի ընթացքում։ Խնդիրը լուծելու նպատակով հաստատվեց մայրաքաղաքում արտաքին գովազդի վերաբերյալ 2009 թվականին ընդունված որոշման մեջ արտաքին գովազդի չափորոշիչների վերաբերյալ լրամշակումներ և հստակեցումներ կատարելու վերաբերյալ նախագիծը։ 


Կրիչների չափորոշիչներից մինչև թույլտվության կարգ․ ինչպիսի՞ փոփոխություններ են կատարվել

Ըստ 2023 թվականի ապրիլի 18-ին ընդունված Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություն պատվիրակելու և արտաքին գովազդի և արտաքին գովազդի միջոցի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները հաստատելու մասին որոշման` փոփոխու��յուններ են կատարվել արտաքին գովազդի թույլտվության տրամադրման կարգում և արտաքին գովազդի տեղադրման և կրիչների սահմանված չափորոշիչներում։

Որոշումը սահմանում է արտաքին գովազդի կրիչների ծավալների նոր չափորոշիչներ։ Նոր չափորոշիչներից մեկի համաձայն՝ չի թույլատրվում գովազդ կամ գովազդի միջոց տեղադրել մինչև 4 հարկանի շենքի, շինության, կառույցի տանիքի կամ ծածկի վրա, իսկ շենքի, շինության, կառույցի տանիքների վրա գովազդի կամ գովազդի միջոցի առավելագույն բարձրությունը կարգավորվում է ըստ հարկայնության։ Օրինակ, 4 հարկանի շենքի, շինության, կառույցի համար գովազդային կրիչը կարող է լինել ոչ ավելի, քան 2.0 մետր, իսկ  5-9 հարկանի շենքի, շինության համար ոչ ավելի, քան 3.0 մետր։

Ընդհանուր առմամբ, ծավալի հետ կապված նոր չափորոշիչները միտված են մայրաքաղաքի կենտրոնից գովազդային մեծ վահանակները հեռացնելուն, սակայն փոխարենը, մնում է ավելի փոքր չափերի վահանակներ տեղադրելու հնարավորությունը։

Որոշումը սահմանում է նաև, թե ինչպես կարելի է դիմել և ստանալ գովազդային կրիչների տեղադրման թույլտվություն, նշվում է, թե քաղաքի որ հատվածներում կարելի է դրանք տեղադրել։ Փոփոխություններ են կատարվել նաև փաստաթղթերի փաթեթում, որը հարկավոր է ներկայացնել՝ գովազդի տեղադրման թույլտվություն ստանալու համար։ Որոշման ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Այսպիսով՝ մինչև հաջորդ տարվա սկիզբ բոլոր նախատեսվող փոփոխությունների արդյունքները կտեսնենք մայրաքաղաքում։

 

Փոփոխությունների դերը՝ արտաքին գովազդի շուկայում

Արտաքին գովազդի ոլորտում վերոնշյալ փոփոխությունները նպատակ ունեն պահպանել քաղաքի գեղագիտական գրավչությունը և ճարտարապետական ժառանգությունը: Սահմանափակումներն, իհարկե, ունեն բացասական ազդեցություն արտաքին գովազդի կիրառման ծավալների վրա, սակայն պետք չէ մտածել, որ արտաքին գովազդի ներուժը դրանից նվազում է կամ դառնում պակաս արդյունավետ։ 

Նախ պետք չէ թերագնահատել փոքր գովազդային վահանակների հնարավորությունները, որոնք ևս կարող են օգնել բիզնեսներին արդյունավետորեն հասնել իրենց թիրախային լսարանին: Փոքր գովազդային վահանակների տեղադրման համար վայրերի նպատակային ընտրությունը կարող է օգնել առավելագույնի հասցնել դրանց ազդեցությունը:

Նկատենք նաև, որ գովազդի ծավալը և արտաքին կրիչների թվի նվազումը նպաստում են, որպեսզի գովազդը ավելի նկատելի լինի․ չէ՞ որ բազմաթիվ վահանակների մեջ նկատել բոլորը դժվար է, մինչդեռ շրջակա միջավայրի հետ ներդաշնակ կերպով դիտվող քիչ քանակով գովազդներն ուշադրություն են գրավում և հիշվում են մարդկանց կողմից։

Ի վերջո, յուրաքանչյուր փոփոխություն, անգամ՝ սահմանափակում, հնարավորություն է տալիս նոր պայմաններում ավելի ստեղծագործ և նորարարական մոտեցում ցուցաբերել։ Օրենսդրական սահմանափակումների համատեքստում մտածեք, թե ինչպես կարող եք ստեղծել գրավիչ գովազդային արշավներ, որոնք կգրավեն հանրության ուշադրություն՝ նոր և հետաքրքիր մոտեցումների շնորհիվ:

Մեր սիրելի մայրաքաղաքի տեսքի պահպանումը բոլորիս համար է կարևոր։ Հավասարակշռություն հաստատելով քաղաքի գեղագիտական տեսքի և գործող  բիզնեսի կարիքների միջև՝ կարելի է հասնել արտաքին գովազդի և մայրաքաղաքի արտաքին տեսքի ներդաշնակ համադրությանը:

 

Add comment