6 չափանիշ՝ արտաքին գովազդի համար լավագույն տառատեսակներն ընտրելիս

Արտաքին գովազդի նպատակն է ուշադրություն գրավել, փոխանցել գովազդային արշավի ուղերձը և երկարատև ազդեցություն թողնել: Թեև գույներն ու պատկերները մեծ նշանակություն ունեն արտաքին գովազդի դիզայնում, սակայն տառատեսակների ընտրությունը հավասարապես կարևոր է գովազդային արշավի ուղերձը փոխանցելու գործում: 

Տառատեսակների բազմաթիվ ոճերի առատության մեջ ինչպե՞ս ընտրել ձեզ համար լավագույն տարբերակը: Անդրադառնանք այն հիմնական չափանիշներին, որոնցով առաջնորդվելու դեպքում կկարողանաք ճիշտ որոշում կայացնել ձեր գովազդի համար տառատեսակ ընտրելիս՝ ապահովելով, որ գովազդային արշավի ուղերձն արդյունավետորեն փոխանցվի թիրախային լսարանին։ 

 

1․ Ընթեռնելիությունը՝ մի հայացքով

Եթե պաստառին տպագրված հաղորդագրությունը հնարավոր չէ ընթերցել՝ ընդ որում մի քանի վայրկյանի ընթացքում, ապա ձեր գովազդը չի ծառայի իր նպատակին։ Հետևաբար, ընթեռնելիությունը թիվ մեկ չափանիշն է, որի մասին պետք է մտածեք։ 

Տառատեսակները բաժանվում են երկու խմբի՝ serif և sans-serif։ Արտաքին գովազդի պարագայում կարևոր է, որ տառատեսակները հեշտությամբ ընթեռնելի լինեն հեռվից: Ընտրեք sans-serif տառատեսակներ, որոնք հստակ են և չունեն տառերին կցված լրացուցիչ մասնիկներ, որոնք կարող են բարդացնել ընթեռնելիությունը։ 

2․ Արտացոլելով բրենդի յուրօրինակությունը

Տառատեսակները պետք է համապատասխանեն տվյալ բրենդի արժեքներին և թեմատիկային: Օրինակ, գեղարվեստական ֆիլմի վերաբերյալ գովազդային արշավի համար ընտրված տառատեսակը միանշանակ չի համապատասխանի ֆինանսական հարցերով զբաղվող ընկերության գովազդին: Ընդհանուր առմամբ խուսափեք չափազանց շքեղ և դեկորատիվ տառատեսակներից, քանի որ դրանք դժվար է կարդալ հեռավորության վրա:

 

3․ Հետևողականությունը՝ բրենդի ճանաչելիության խթան

Կախված տարբեր գովազդային արշավների թեմատիկայից՝ գուցե ցանկանաք օգտագործել տարբեր տառատեսակներ, սակայն հիշեք, որ միևնույն տառատեսակի ընտրությունը տարբեր գովազդներում ապահովում է բրենդի ճանաչելիությունը։ Ինչպես լոգոտիպն է ասոցացվում բրենդի հետ, ��յնպես էլ տառատեսակներն են օգնում վերջինիս մասին տպավորություններն ամրապնդել մարդկանց հիշողության մեջ։

 

4․ Տառերի չափը 

Ավելի մեծ տառատեսակներն ապահովում են տեսանելիությունը հեռվից: Առաջնահերթություն տվեք չափին՝ պահպանելով հավասարակշռությունը դիզայնի այլ վիզուալ տարրերի հետ: Ընտրեք այնպիսի չափ, որի պարագայում գովազդի տեքստային բովանդակությունն ընթեռնելի կլինի նվազագույնը 250 մետր հեռավորությունից:

Տառատեսակի չափը որոշելու գործում մեծ նշանակություն ունեն գովազդային կրիչի չափերը. մեծ վահանակի վրա ավելի մեծ չափերի տառեր կարող եք ներառել, մինչդեռ փոքր սքրոլերի պարագայում այդ հնարավորությունը չունեք։ Քանի որ մեծ տառաչափերն ավելի շատ տեղ են պահանջում գովազդային վահանակի վրա, փորձեք հնարավորինս քիչ բառեր օգտագործել գովազդային ուղերձը ձևակերպելիս:

5․ Հակադրություն՝ ավելի հզոր ազդեցության համար

Տառատեսակի գույնը պետք է հակադրվի ֆոնին, որպեսզի ապահովվի տեսանելիությունը և ընթեռնելիությունը՝ նույնիսկ տարբեր լուսավորության պայմաններում:

 

6․ Խուսափեք խառնաշփոթից

Մեկ գովազդում չափազանց շատ տառատեսակների օգտագործումը կարող է խառնաշփոթ առաջացնել: Մեկ վահանակում մեկ կամ առավելագույնը երկու տառատեսակ օգտագործեք: Օրինակ, կարող եք մեկ տառատեսակ օգտագործել ընկերության կարգախոսի համար և մեկ այլը՝ կոնտակտային տվյալների։

Խուսափեք նաև մեծատառեր օգտագործելուց և տառերի միջև մեծ տարածություն թողնելուց կամ դրանք միմյանց շատ մոտ դասավորելուց։ Հիշեցնենք, որ արտաքին գովազդի պատվիրման 8k.am հարթակը պատրաստ է աջակցել ձեզ ոչ միայն գովազդային պաստառի դիզայնի, այլև տպագրության հարցում։ Մենք աշխատում ենք` հաշվի առնելով յուրաքանչյուր գովազդային արշավի առանձնահատկությունները և առաջարկում ենք յուրօրինակ դիզայն, որը կապահովի ձեր գովազդի հաջողությունը։

Յուրաքանչյուր տառատեսակի ընտրություն նպաստում է ձեր բրենդի ճանաչելիությանը և գովազդային ուղերձի արդյունավետ փոխանցմանը։ Առաջնահերթություն տալով ընթեռնելիությանը և արտացոլելով ձեր բրենդի ինքնությունը՝ կապահովեք, որ ձեր արտաքին գովազդը ոչ միայն ուշադրություն գրավի, այլև մնայուն տպավորություն թողնի: 

 

Add comment