Այս ամառվա ամենաթեժ իրադարձություններից մեկը համաշխարհային կինոյում թերևս Բարբի ֆիլմի պրեմիերան էր։ Ֆիլմի մարքեթինգային թիմի աշխատանքի շնորհիվ այն վերածվեց մի իրադարձության, որին բոլորն անհամբեր սպասում են։ Մարքեթինգային խոշոր արշավը, որը նախորդեց ֆիլմի պրեմիերային, քչերին կարող էր անտարբեր թողնել․ ո՞վ չէր ուզենա մուտք գործել Բարբիի հեքիաթային աշխարհը, որի մասին բոլորն են խոսում։
Բարբիի մարքեթինգային թիմն օգտագործել էր լավագույն գործիքները, որոնց արդյունքում Բարբին ամենուր էր՝ սոցիալական ցանցերից մինչև հսկայական գովազդային վահանակներ:
Տարվա ֆիլմի մարքեթինգային արշավն աչքի ընկավ արտաքին գովազդի միջոցների լայն կիրառմամբ։ Ժամանակակից 3D տեխնոլոգիաներից մինչև ավանդական վահանակներ․ արտաքին գովազդի միջոցների կիրառման գործում Բարբիի մարքեթինգային թիմը հիացրեց իր մանրակրկիտ և հիշարժան աշխատանքով։ Դե ինչ, եկեք համոզվենք ինքներս։
Բարբիի վարդագույն վահանակը
Արտաքին գովազդի լավագույն օրինակներից մասին հաջորդիվ խոսելիս մարդիկ անշուշտ կհիշեն Բարբիի վարդագույն վահանակը։ Այն ստեղծարար մոտեցման վառ օրինակ է, որը դառնում է բրենդի ճանաչման և լսարանի ներգրավման հզոր միջոց:
Վահանակում առանցքային է գունային ընտրությունը, որն ակնթարթորեն զգացմունքային արձագանք է առաջացնում: Վարդագույնը, որը հաճախ նույնականանում է կանացիության և զվարճանքի հետ, օգտագործվել է որպես հզոր տեսողական ազդանշան, որն առաջին իսկ հայացքից գրավում է մարդկանց ուշադրությունը։ Միևնույն ժամանակ, Բարբիի բրենդը տարիներ շարունակ ասոցացվում է վարդագույնի հետ, և վահանակն ակնթարթորեն հիշեցնում է բոլորին քաջ հայտնի տիկնիկի մասին։ Նրանց մոտ, ովքեր մեծացել են Բարբի տիկնիկների հետ խաղալով, գույնն անմիջապես արթնացնում է հաճելի հիշողություններ՝ միաժամանակ հետաքրքրություն առաջացնելով երիտասարդ սերնդի մոտ։
Վարդագույն վահանակի աջ անկյունում գրված է ֆիլմի՝ էկրան բարձրանալու ամսաթիվը։ Հետաքրքրական է նաև ամսաթվի տառատեսակը․ այն ևս մեկ անգամ ընդգծում է Բարբիի և նրա հեքիաթային աշխարհի յուրօրինակությունը։
Ի հակադրություն բազմաթիվ վահանակների, որոնցում այնքան շատ է տեքստային հաղորդագրությունը, որ լսարանը նույնիսկ չի հասցնում հիմնական ուղերձը գտնել, Բարբիի վահանակը փոխանցում է հիմնական ուղերձը՝ հստակ և հիշվող մատուցմամբ։
Բարբիի վարդագույն գովազդային վահանակը ևս մեկ անգամ վկայում է պարզության ուժի մասին: Մինիմալիստական մոտեցումը թույլ է տալիս կենտրոնանալ գույնի միջոցով փոխանցվող ուղերձի վրա՝ առանց ավելորդ տեքստի կամ վիզուալ տարրերի:
Բարբիի փայլող վահանակը Սիդնեյում
Տպավորիչ էր նաև Սիդնեյում տեղադրված վահանակը, որը կարծես փոխանցում էր աշխարհի ամենահայտնի տիկնիկի ողջ հմայքը և փայլը։
Ինչպես գովազդի հեղինակներն են նշում՝ այս վահանակն ավելի շատ արվեստ է, քան գովազդ։
Արտաքին գովազդի այլ միջոցները՝ Բարբիի մարքեթինգային արշավում
Ֆիլմի արտաքին գովազդային արշավները չսահմանափակվեցին ավանդական վահանակներով։ Լոնդոնում Բարբիի մարքեթինգային թիմը բաց չթողեց ավտոբուսների և տաքսիների վրա գովազդ փակցնելու հնարավորությունը։
Սիդնեյում Բարբիի գովազդը տեղադրվեց նաև կանգառներում:
Դե իսկ Դուբայում տեղադրված հսկայական 3D գովազդը, որում Բարբի տիկնիկը դուրս է գալիս տուփից, մեծ արագությամբ տարածվեց սոցիալական ցանցերում։
Ինչպես տեսնում ենք՝ Բարբիի մարքեթինգային թիմը ավանդական լայնաֆորմատ արտաքին գովազդն արդյունավետ և տպավորիչ կերպով օգտագործելու փայլուն օրինակ ցույց տվեց, որը դեռ երկար կհիշվի։