Հայտնի բրենդների ամենատպավորիչ արտաքին գովազդները

 

Ստեղծարար մոտեցման դեպքում արտաքին գովազդը բիզնեսներին ընձեռում է հետաքրքիր արշավների իրականացման անսահման հնարավորություններ։ Որքան էլ թվա, թե մեր օրերում այլևս դժվար է արտաքին գովազդի հետ կապված այնպիսի լուծումներ գտնել, որոնք կզարմացեն և կհիացնեն մարդկանց, այնուամենայնիվ, համաշխարհային ճանաչում ունեցող բրենդները հակառակն են ապացուցում։ Մեր առանձնացրած օրինակները վկայում են այդ մասին։

 

Հասկանալի՝ կես խոսքից

1958 թվականին Kit Kat-ն անցկացրեց գովազդային արշավ՝ համադրելով բրենդի կարգախոսը («Ընդմիջում արա, կեր Kit Kat») և հետաքրքիր դիզայնը։ Հայտնվեցին վահանակներ, որոնց վրա գրված էր կարգախոսի միայն մի մասը։ Ընկերության տարբերանշանը բացակայում էր, և միայն գույնը և հաղորդագրության կեսը լիովին բավական էին՝ հասկանալու համար, թե որ բրենդի մասին է խոսքը և որն է գովազդային արշավի ուղերձը։


Coca Cola-ի թարմացնող ուժը` բոլորի համար

Տորոնտոյում գտնվող Coca Cola-ի մեծ գովազդային վահանակը, որը տեղադրվեց 2018 թվականին, կարելի է համարել բոլոր ժամանակների ամենատպավորիչ գովազդային վահանակներից մեկը: Բազմաբնակարան շենքի պատին տեղադրվեց Կոկա Կոլայի կարմիր գովազդային վահանակը, որի կենտրոնում ըմպելիքի՝ կիսով չափ լցված շիշն էր: Հյութ խմելու համար նախատեսված ձողիկները ձգվում էին դեպի շենքի պատուհանները, իսկ պաստառին գրված կարգախոսը հորդորում էր թարմացնել կյանքը Կոկա Կոլայի հետ։

 

Մինիմալիզմի վերաիմաստավորում` McDonald's ոճով

Ասում են՝ լավագույն կոմպոզիցիաները ստեղծվում են այն ժամանակ, երբ բացակայում են բոլոր ավելորդ տարրերը և այլևս ոչ մի բաղադրիչ հնարավոր չէ հեռացնել։ Մինիմալիզմի լավագույն օրինակներից է McDonald's-ի արտաքին Lights On գովազդային արշավը։ Պաստառի վրա չի նշվում բրենդի անվանումը և նույնիսկ տարբերանշանը պատկերված է մասնակիորեն՝ առկա է միայն բրենդի գույով M տառի մի մասը։  

Արշավի հիմնական գաղափարը մարդկանց հիշեցնելն էր, որ McDonald's-ն ունի առաքման ծառայություն։ Պաստառին տպագրված է միայն մեկ կարճ արտահայտություն․ «Մենք առաքում ենք»: 

Միայն մեկ հայացք` ամեն ինչ հասկանալու համար

«Սուպեր փափուկ գովազդային վահանակ»․ այսպես էր կոչվում Ariel ապրանքանիշի գովազդը, որը վահանակի տեսքով տեղադրվեց Արաբական Միացյալ Էմիրություններում 2007 թվականին: Վահանակի տեսքն ինքնին հուշում է գովազդային արշավի ուղերձը՝ ապրանքի այն գլխավոր հատկանիշը, որի մասին մարդիկ պետք է գլխի ընկնեին՝ ընդամենը մեկ հայացք գցելով վահանակին։

Երբ սպառողը կիսվում է բրենդի հետ ունեցած իր փորձով

Spotify աուդիոհարթակը թույլ է տալիս օրինական կերպով լսել երգեր, աուդիոգրքեր և փոդքասթներ՝ առանց դրանք ձեր սարքում ներբեռնելու: 2018 թվականին հարթակը գովազդային արշավ մեկնարկեց՝ օգտագործելով արտաքին գովազդի հնարավորությունները։ Spotify-ն իր օգտատերերին հնարավորություն տվեց կիսվել տարվա ընթացքում իրենց լսած բովանդակության վերաբերյալ ընդհանուր տվյալներով՝ Նյու Յորքի կենտրոնական հրապարակներից մեկում՝ Թայմսի Սքվերի թվային վահանակի վրա։ Մեծ թվով օգտատերեր միացան արշավին․ չէ՞ որ շատերը կցանկանան ցուցադրել իրենց հիանալի երաժշտական ճաշակը:

Այս գովազդային արշավը հրաշալի էր մտածված՝ առկա օգտատերերին ներգրավելու և նոր մարդկանց մոտ հարթակի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու տեսանկյունից։  

Կենդանի գովազդ

Առաջատար տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների և ստեղծարար մտքի տպավորիչ արդյունք է շվեդական Apolosophy ընկերության գովազդը։ Մազերի խնամքի նոր արտադրանքը ներկայացնելու նպատակով Սթոքհոլմի մետրոյի ուղևորների համար պատրաստվեց հատուկ էֆեկտներով յուրօրինակ «կենդանի» գովազդ:

Պլատֆորմի վրա տեղադրված թվային էկրանները հագեցած էին ուլտրաձայնային սենսորներով, որոնք վերահսկում էին գնացքի ժամանումը: Ամեն անգամ, երբ գնացքն անցնում էր գովազդային կրիչի կողքով, էկրանին պատկերված կնոջ մազերը խառնվում էին՝ կարծես գնացքի արագության արդյունքում փչող քամուց։ 



Խավարի հետ իջնում է սարսափը

Լոնդոնում և Բիրմինգհեմում հայտնված BBC-ի անսովոր գովազդային վահանակները սկզբում միայն տարակուսանք առաջացրին։ Ցերեկային լույսի ներքո վահանակի սպիտակ ֆոնի վրա ամրացված արյունոտ ցցերի տարօրինակ և ոչինչ չասող կոմպոզիցիան, սակայն, մթնշաղի սկսվելուն պես վերափոխվում էր․ քիչ-քիչ հայտնվում և ավելի ու ավելի նկատելի էր դառնում հայտնի կոմս Դրակուլայի չարագուշակ ստվերը։

Գովազդային արշավը անհավանական հաջողություն ունեցավ նաև թվային մեդիայում։ Գովազդի մասին հրապարակվեց 43000 գրառում, որը հասանելի դարձավ 22 միլիոն մարդու։ 



Նորագույն տեխնոլոգիաները` արտաքին գովազդում

Հետաքրքիր արտաքին գովազդի մեկ այլ օրինակ է Amazon Prime-ի 3D ձևաչափով գովազդը: Իր նոր The Wheel of Time ֆանտաստիկ ժանրի շարքը գովազդելու համար Amazon Prime-ն օգտագործեց ժամանակակից նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները։ 3D գովազդային վահանակը առաջատար տեխնոլոգիայի և ստեղծարար մտքի կատարյալ համադրություն է:



Ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունների շնորհիվ արտաքին գովազդն այսօր առավել, քան երբևէ տպավորիչ ազդեցություն գործելու մեծ ներուժ ունի։ Վերջին մի քանի օրինակները վկայում են այդ մասին։ Սակայն շատ հաճախ տպավորիչ արտաքին գովազդ կարելի է ստեղծել առանց տեխնոլոգիական լուծումների․ նման օրինակներ նույնպես ներկայացրինք։ Խորհուրդը մեկն է՝ ուսումնասիրեք հաջողված փորձը և միգուցե մի օր էլ ձեր արտաքին գովազդային արշավի մասին խոսեն բոլորը։

 

Add comment