Արտաքին և ներքին գովազդների առավելությունները

 

Պատկերացրեք` դուք ժամեր շարունակ աշխատում եք՝ օրվա մեծ մասն անցկացնելով համակարգչի դիմաց, ինչը բացասաբար է անդրադառնում ձեր ինքնազգացողության վրա։ Մտածելով, որ ֆիզիկական ակտիվությունն օգտակար կլինի, որոշում եք աշխատանքի գնալ ոչ թե մեքենայով, այլ հեծանիվով։ Առանց երկար մտածելու հիշում եք հեծանիվների վաճառքով զբաղվող ընկերության մասին և զանգահարում։

Դուք նախկինում չեք առնչվել այդ բրենդին և չեք օգտվել նրա ծառայություններից, այդ դեպքում ի՞նչը հուշեց դիմել հենց այդ ընկերությանը։ Միգուցե ամեն օր` աշխատանքի գնալիս, տեսել եք ընկերության գովազդային վահանա՞կը։ Ահա և արտաքին գովազդի հիմնական առավելություններից մեկը՝ մարդիկ մտապահում են ձեր բրենդը։ Մյուս առավելությունները՝ ստորև։

 

Լայն լսարանների հասանելիություն

Հասարակական վայրերում տեղադրվելու շնորհիվ արտաքին գովազդը փոխանցում է ձեր բրենդի ուղերձը լայն լսարանների։

 

Բարձր տեսանելիություն

Արտաքին գովազդը ցուցադրվում է 24/7 ռեժիմով: Բանուկ փողոցում տեղադրված վահանակը և օդանավակայանում փակցված պաստառը միշտ հասանելի են մարդկանց։

 

Հասանելիություն թիրախային լսարանին

Վահանակի տեղադրման բազմաթիվ հնարավոր վայրերից կարող եք ընտրել այն մեկը, որտեղ կգտնեք ձեր թիրախային լսարանին։ Օրինակ, եթե գովազդային արշավի թիրախում հանրային տրանսպորտից օգտվողներն են, ապա կարող եք գովազդը կանգառներում տեղադրել։

 

Ազդեցություն

Անձի կողմից գովազդը նկատելը միայն մի քանի վայրկյան է տևում։ Դա բավարար է տպավորչ դիզայնով արտաքին գովազդին` ուշադրություն գրավելու համար։

 

Տևական ներկայություն

Ձեր գովազդը կարող է շաբաթներ և ամիսներ շարունակ գտնվել նույն տեղում։ Եթե նույնիսկ այն այսօր չգրավի որոշ մարդկանց ուշադրությունը, ապա դա կանի վաղը, երբ վերջիններս նույն ճանապարհով աշխատանքի գնան։

 

Հաճախականություն

Ապրանքից կամ ծառայությունից օգտվելու որոշում կայացնելուց առաջ սպառողը պետք է մի քանի անգամ առնչվի բրենդին։ Օրեր շարունակ տեսնելով վահանակը՝ մարդիկ կհիշեն ձեր ապրանքանիշը և կճանաչեն այն շուկայում:

 

Արտադրողական արդյունավետություն

Դիզայնը վերջնականացնելուց և տպագրելուց հետո ձեր գովազդը կարող եք բազմիցս օգտագործել՝ ըստ ցանկության փոփոխելով տեղադրման վայրը։

 

Ծախսարդյունավետություն

Նույնիսկ բարձր պահանջարկ ունեցող վայրերում վահանակի տեղադրումը կարող է ավելի արդյունավետ լինել, քան նույն բյուջեով այլ հարթակներում իրականացվող գովազդը։ 

 

Բրենդի տեսանելիություն

Թվային հարթակներում առկա հարյուրավոր այլ գովազդների շարքում ձեր բրենդն առանձնացնելը բարդ է, իսկ փոքր սմարթֆոնների էկրաններից դուրս գտնվող գովազդն ավելի ազդեցիկ է և ուշադրություն գրավող։ 

 

Հստակ հաղորդագրության փոխանցում

Արտաքին գովազդը տպավորվում է ոչ միայն տեսքի և ձևաչափի շնորհիվ, այլև արագ և հստակ փոխանցվող բովանդակության: Հակիրճ և գրավիչ կարգախոսները երկար ժամանակ մնում են մարդկանց հիշողության մեջ։

 

Չնյարդայնացնող գովազդ

Ի տարբերություն այլ հարթակներում տարածվող գովազդների, որոնք «ներխուժում» են` շեղելով մարդկանց հիմնական զբաղվածությունից, շրջակա  միջավայրին «ձուլված» արտաքին գովազդն ուշադրությունը է գրավում առանց «պարտադրելու»։ 

 

Թվային հարթակների ինտեգրում

Արտաքին գովազդում QR կոդերի ներդրման շնորհիվ կարող եք սպառողներին ուղղորդել դեպի ձեր բիզնեսի թվային հարթակներ։  

 

Add comment