Տվյալների դերը. ինչպե՞ս չափել արտաքին գովազդի արդյունավետությունը

Ընկերությունների մարքեթինգային բյուջեներն անսպառ չեն, և մարքեթոլոգները փորձում են առկա ռեսուրսները ներդնել հնարավորինս ծախսարդյունավետ արշավների մեջ։ Այս առումով արտաքին գովազդի արդյունավետությունն ակնհայտ է․ ինչպե՞ս հասնել լայն լսարանների, եթե ոչ արտաքին գովազդով, որն օրական հարյուրավոր մարդիկ են տեսնում, ինչպե՞ս ապահովել, որ ձեր գովազդն անպայման նկատվի, եթե ոչ իր ուրույն ձևաչափերի շնորհիվ ուշադրություն գրավող արտաքին գովազդի միջոցով։

Այո, արտաքին գովազդի արդյունավետությունն անվիճելի է, սակայն արդյո՞ք միայն համընդհանուր առավելությունները կօգնեն ապահովել գովազդային արշավի հաջողությունը։

Այսպիսով՝ ինչպիսի՞ գովազդային արշավների մեջ ներդնել առկա ռեսուրսները։ Ռազմավարական նշանակություն ունեցող այս հարցի վերաբերյալ որոշում կայացնելու համար լավագույն փորձի և արդյունավետության ընդհանուր չափանիշների հետ մեկտեղ անհրաժեշտ են շոշափելի տվյալներ։

Արտաքին գովազդի պատվիրման 8k.am հարթակի հաշվելիության ծառայությունը նպատակաուղղված է գովազդային արշավի արդյունավետության հստակ չափմանը։ Իրական ժամանակում կատարվող մոնիթորինգի շնորհիվ՝ գովազդատուն կարող է լիարժեք պատկերացում կազմել, թե որքան է վահանակի տարածքում մարդկային և տրանսպորտային հոսքերի քանակը։ Գովազդային կրիչների դիտելիության վերաբերյալ ճշգրիտ տվյալները կօգնեն կողմնորոշվել ձեր գովազդային արշավի համար ամենահարմար վահանակն ընտրելու հարցում։ Հաշվելիության ծառայությունը նաև հնարավորություն է տալիս․

  • Համեմատել տարբեր կրիչների դիտելիության վերաբերյալ տվյալները։Այս կամ այն վահանակի ընտրության հարցում կարևոր է համեմատել առկա տարբերակները։ Հաշվելիության ծառայության օգնությամբ դա կարող եք անել՝ հիմնվելով ոչ միայն վահանակների գտնվելու վայրի, տեսակի և այլ չափանիշների վրա, այլև՝ լսարանի վերաբերյալ հստակ քանակական տվյալների։
  • Հաշվարկել, թե որոշակի ժամանակահատվածում գովազդը որքան լսարան կգրավի։ Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի հաղորդակցության միջոցով ենք գովազդ պատվիրում՝ թվային թե ավանդական մեդիայով, օրինակ՝ հեռուստատեսությամբ, գործ ունենք մոտավոր քանակական ցուցանիշների հետ։

Մի դեպքում դա օգտատերերի քանակն է, որոնց ցուցադրվելու է գովազդը, մյուս դեպքում՝ զանգվածային լրատվական միջոցի պոտենցիալ լսարանի թիվը։ Արտաքին գովազդի պարագայում, սովորաբար, քանակական տվյալները բացակայում են, ինչն էլ հաճախ պատճառ է դառնում գովազդի այս տեսակից խուսափելու համար։ Հաշվելիության ծառայությունը լուծում է նաև այս խնդիրը՝ օգնելով գովազդատուին հստակ կերպով գնահատել գովազդային արշավի տեսանելիությունը։

  • Պարզել, թե օրվա որ ժամերին են մարդկային և տրանսպորտային հոսքերն առավել ակտիվ։ Գովազդատուները կարող են առավելագույնս օգտագործել այդ ակտիվ ժամանակահատվածները՝ բրենդի տեսանելիությունը բարձրացնելու և թիրախային լսարանի շրջանում իրազեկության ավելի բարձր մակարդակ ապահովելու համար: Սա հնարավորություն կտա թիրախավորել ճիշտ լսարանը և արդյունավետորեն բաշխել ռեսուրսները։
  • Բարելավել գովազդային արշավի ազդեցությունը՝ իրական ժամանակում։ Ճշգրիտ իմանալով, թե քանի մարդ է տեսել ձեր գովազդային վահանակը և համեմատելով այդ տվյալները գովազդի տեղադրումից հետո ձեր ապրանքների և ծառայությունների նկատմամբ հետաքրքրության աճի, ինչպես նաև վաճառքի ցուցանիշների հետ՝ կարող եք գնահատել արշավի հաջողությունը: Իրական ժամանակում կատարվող վահանակների մոնիթորինգի շնորհիվ ստացվող տվյալները կհուշեն՝ արդյո՞ք արժե շարունակել արշավն այն նույն պայմաններով, որոնցով մեկնարկել եք, թե՞ միգուցե կանգ առնելու, վերանայելու և փոփոխություններ կատարելու ժամանակն է։

Այսպիսով, 8k.am-ը հնարավորություն է տալիս արտաքին գովազդի ընտրության հարցում հաշվի առնել բոլոր գործոնները և կայացնել տվյալահեն որոշումներ, որոնք ապահովում են գովազդային արշավների և ձեր բիզնեսի հաջողությունը։

 

Add comment