
Որտե՞ղ և ինչպե՞ս կարելի է տեղադրել արտաքին գովազդ: Այս հարցերը կարգավորվում են երկրի ներպետական օրենսդրությամբ և իրավական ակտերով։ Գովազդի տեղադրման համար թույլտվություն ստանալուց մինչև որոշակի բովանդակությամբ գովազդների արգելք․ այս ամենը ենթակա է իրավական կարգավորման։
Մեր երկրում արտաքին գովազդի հետ կապված գործընթացները կարգավորվում են հետևյալ փաստաթղթերով․
Տեղադրման վերաբերյալ հարցերի կարգավորում
ՀՀ գովազդի մասին օրենքով կարգավորվում է գովազդի տարածումը հաղորդակցության տարբեր միջոցներով՝ զանգվածային լրատվական միջոցների՝ այդ թվում՝ զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային, ռադիոհեռուստատեսային և տպագիր միջոցներով։ Առանձին հոդվածով օրենքը սահմանում է նաև արտաքին գովազդի կարգավորումները։
Օրենքի համաձայն տեղական ինքնակառավարման մարմինները որոշում են արտաքին գովազդի
- ծավալը,
- քանակությունը,
- տեղաբաշխման կարգն ու պայմանները։
Առկա է նաև տեղադրման սահմանափակում։ Մասնավորապես, ներքին գովազդի տեղադրումն արգելվում է թանգարաններում, պատմական և ճարտարապետական հուշարձանների ներսում, ինչպես նաև պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերում և նրանց տարածքում:

Բովանդակային սահմանափակումներ
Օրենքը սահմանում է բովանդակային սահմանափակումներ ինչպես ընդհանուր առմամբ գովազդի, այնպես էլ մասնավորապես արտաքին գովազդի նկատմամբ։ Սահմանափակումների թվում են․
- Ծխախոտի գովազդը։ Արգելվում է ծխախոտի արտաքին գովազդը հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ միջոցներով։
- Դեղերի գովազդը։ Օրենքն արգելում է արտաքին գովազդային վահանակների միջոցով դեղամիջոցներ գովազդել:
- Բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը՝ առանց համապատասխան թույլտվության։ Օրենքը պարտավորեցնում է ցանկացած զանգվածայ��ն տեղեկատվության միջոցով՝ լինի դա էլեկտրոնային, տպագիր, թե արտաքին գովազդ, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդ իրականացնելիս նշել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան թույլտվության համարն ու ամսաթիվը:
ՀՀ գովազդի մասին օրենքը սահմանում է բովանդակային պարտադիր դրույթներ նաև մշակութային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի համար։ Մասնավորապես նշվում է, որ վերջիններիս կողմից իրականացվող հանրային միջոցառումների գովազդում պարտադիր պետք է նշվի միջոցառման բովանդակության, ժանրի, հեղինակների, մասնակիցների, վայրի, ժամանակի, ինչպես նաև համերգային կատարումների ձայնային առանձնահատկությունների օգտագործման մասին տեղեկատվություն։
Արտաքին գովազդը մայրաքաղաքում
Արտաքին գովազդի վերաբերյալ օրենսդրական կարգավորումները հաճախ վերանայվում են՝ պայմանավորված քաղաքի տեսքի վրա ունեցած արտաքին գովազդի կրիչների ազդեցությամբ։ Իր արդյունավետության շնորհիվ արտաքին գովազդի պահանջարկը մեծանում է և իրավական որոշումները նպատակ ունեն պահպանել մայրաքաղաքի տեսքը։
Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություն պատվիրակելու և արտաքին գովազդի որոշմամբ սահմանվում է, որ գովազդը և գովազդի միջոցը պետք է համահունչ լինեն Երևանի ճարտարապետությանը և համապատասխանեն այն օբյեկտին կամ միջավայրին, որտեղ տեղադրված են։
ՀՀ գովազդի մասին օրենքի համաձայն՝ Երևանի քաղաքային նշանակություն ունեցող փողոցներում, այգիներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տալիս է Երևանի քաղաքապետը: Օրենքը Երևանի քաղաքապետին իրավասություն է տալիս նաև տուգանք կիրառել հետևյալ դեպքերում․
- Երևանում համաքաղաքային կանոններին համապատասխան համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության պայմանների խախտման մասին իր ծանուցագրերի պահանջների կատարումից խուսափելու կամ ժամանակին չկատարելու համար,
- մայրաքաղաքում առանց արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար:
Օրենսդրական պահանջների, դրույթների և սահմանափակումների համատեքստում արտաքին գովազդ պատվիրելու գործընթացը կարող է բարդ և խրթին թվալ։ Արտաքին գովազդային ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ դուք անհանգստանալու պատճառ չունեք։ Իր հերթին 8k.am կայքը հանդիսանում է գովազդատուի և գովազդային ընկերությունների միջև ամենաարագ կապը։ Կայքում կարող եք հաշված րոպեների ընթացքում գտնել և պատվիրել ձեր նախընտրած գովազդային վահանակը, ուղարկել ամրագրման հարցում և ստանալ պատասխան ընդամենը մի քանի ժամվա ընթացքում։