Մինչև գնում կատարելու վերաբերյալ որոշում կայացնելը՝ հաճախորդն անցնում է որոշակի փուլերով։ Մարքեթինգում սպառողների այդ վարքագիծը նկարագրվում է դեպի գնում կատարելու որոշումը տանող մի քանի գործընթացների շղթայական հաջորդականությամբ՝ առաջարկի նկատմամբ ուշադրության գրավում, հետաքրքրության առաջացում, գնումը կատարելու ցանկության առաջացում և, ի վերջո, գործողություն` գնման կատարում: Սպառողների վարքագծի այս մոդելն առավել հայտնի է AIDA անվանումով, որը ձևավորվել է թվարկված գործընթացների անգլերեն անվանումների հապավումից` Attantion, Interest, Desire, Action.
Այսօրվա մեր բլոգում կներկայացնենք արտաքին գովազդի միջոցով վաճառքների խթանմանը՝ սպառողների վարքագծի համատեքստում։
Ապրանքը նկատելուց մինչև գնումներ՝ արտաքին գովազդի հետ
Ապրանքի կամ ծառայության մասին հաճախորդների նախնական իրազեկումից մինչև գնումներ կատարելու վերջնական գործողություն․ արտաքին գովազդը սպառողների հետ միասին անցնում է գնումներ կատարելու որոշման ողջ ճանապարհը՝ յուրաքանչյուր փուլում ունենալով իր ուրույն ազդեցությունը։
Սա հնարավորություն է տալիս բիզնեսներին՝ հաշվի առնելով AIDA մոդելի առանձնահատկությունները՝ ռազմավարական տեսանկյունից ճիշտ թիրախավորված գովազդային արշավներ իրականացնել։ Ո՞ր փուլում է գտնվում ձեր հաճախորդը՝ AIDA մոդելի համաձայն, ինչպիսի՞ ուղերձներ մշակել՝ տվյալ փուլում նրան ճիշտ ուղղորդելու համար, արտաքին գովազդի ո՞ր տեսակի միջոցով դա անել․ այս հարցերի պատասխանները կօգնեն նախագծել և իրականացնել արդյունավետ գովազդային արշավներ։
Արտաքին գովազդի ազդեցությունը՝ սպառողի վարքագծի վրա
Ուշադրություն
Այս փուլում խնդիրը, որը պետք է լուծի գովազդը, պոտենցիալ հաճախորդների ուշադրությունը գրավելն է։ Աչքի ընկնող վիզուալները և հստակ ուղերձները կօգնեն անել առաջին քայլը՝ իրազեկել լսարանին ապրանքի կամ ծառայության մասին։
Թիրախային լսարանին հասնելու նպատակով ընտրեք ձեր գովազդի համար լավագույն վայրը։ Օրինակ, հյուրանոցների կամ հյուրատների գովազդի համար մայրուղիները և փողոցները հարմար են։ Այս դեպքում լայնաֆորմատ վահանակները կարող են լավ լուծում լինել՝ թիրախային լսարանին՝ ճամփորդներին, զբոսաշրջիկներին և գործուղման մեջ գտնվող անձանց գովազդը հասցնելու համար։
Ուշադրություն գրավելու իր յուրահատկության շնորհիվ՝ արտաքին գովազդն արդյունավետ է նաև բրենդների համար նոր շուկաներ մուտք գործելիս և նոր լսարաններ ներգրավելիս։ Բրենդի ճանաչելիության գործում արտաքին գովազդի առավելություններին ծանոթացեք մեր մեկ այլ բլոգում։
Հետաքրքրություն
Դե ինչ, հաճախորդներն արդեն տեղյակ են ձեր ապրանքի կամ ծառայության մասին։ Այժմ խնդիրը հետաքրքրություն առաջացնելն է՝ տրամադրելով համապատասխան տեղեկատվություն, օգնելով սպառողին հասկանալ, թե ինչու է ձեր առաջարկը կարևոր կամ օգտակար նրա համար։
Մարքեթինգային մեկ այլ սկզբունքի համաձայն՝ պոտենցիալ հաճախորդը գործողություն կատարելուց առաջ պետք է առնվազն յոթ անգամ տեսնի կամ լսի բրենդի ուղերձը: Արտաքին գովազդը տևական ժամանակ` մի քանի օրից մինչև շաբաթներ և ամիսներ, կարող է տեղակայված լինել միևնույն վայրում։ Մի քանի անգամ տեսնելով գովազդը՝ մարդկանց մոտ հետաքրքրություն կառաջանա ձեր ապրանքի կամ ծառայության նկատմամբ։
Ցանկություն
Այս փուլում նպատակն ապրանքը ձեռք բերելու կամ ծառայությունից օգտվելու ցանկություն առաջացնելն է։ Դա հնարավոր է արդյունավետորեն իրականացնել՝ ընդգծելով ձեր առաջարկի առավելությունները, անդրադառնալով սպառողի կարիքներին կամ ձգտումներին և իհարկե, առանձնանալով մրցակիցներից։ Դուք կարող եք կապել ձեր բրենդը որոշակի ապրելակերպի հետ և առաջարկել տարբեր առավելություններ, օրինակ՝ մատչելիություն կամ հարմարավետություն։
Ձեր գովազդի պաստառում հակիրճ հաղորդագրությամբ ներկայացրեք այն ամենակարևոր առանձնահատկությունը, որը պետք է ձեր ապագա գնորդն իմանա, ինչն էլ հիմք կհանդիսանա գնում կատարելու որոշման համար։ Գրավիչ և կարճ տեղեկատվությունը մարդկանց մոտ ավելին իմանալու ցանկություն կառաջացնի։
Գործողություն
Վերջին փուլը սպառողին գործողությունների մղելն է, ինչը ևս կարող եք արդյունավետորեն իրականացնել արտաքին գովազդի միջոցով։ Գործողության մղելու նպատակով ձեր պաստառում ներառեք, օրինակ՝ գնումներ կատարելու, կամ կայքէջ այցելելու կոչ։ Լսարանին ուղղորդելու նպատակով կարող եք օգտագործել նաև QR կոդեր։
Ինչպես տեսանք, շուկայավարման տեսակետից արտաքին գովազդն արդյունավետորեն նպաստում է նոր գնորդների ներգրավմանը և վաճառքների խթանմանը։ Բաց մի թողեք այս հնարավորությունը` ամրագրելով ձեր գովազդի համար վահանակ 8k.am կայքում։