Թվային և արտաքին գովազդ․ ո՞րն է ավելի արդյունավետ

 

Դուք կարող եք առաջարկել լավագույն ապրանքներից կամ ծառայություններից մեկը շուկայում, սակայն այն չգնահատվի ըստ արժանվույն և չունենա ակնկալվող պահանջարկը։ Ձեր բրենդի մասին իրազեկելու և առաջարկը սպառողներին հասցնելու լավագույն միջոցը գովազդն է, որը կօգնի հասնել երկարաժամկետ մարքեթինգային նպատակներին։

Վերջին տասնամյակներին գովազդային ոլորտը սրընթաց զարգանում է, և հաճախ բիզնեսների համար դժվար է հետևել նոր միտումներին: Հսկայական գովազդային վահանակներից մինչև առցանց հարթություն՝ գովազդն այսօր էլ շարունակում է արագ տեմպերով զարգանալ:

Չնայած վերջին տարիներին թվային գովազդի տարածմանը՝ արտաքին գովազդը պահպանում է իր արդիականությունը և արդյունավետությունը։ Երկու տեսակի գովազդներն էլ ունեն տարբեր առավելություններ, որոնց ծանոթանալով, բիզնեսները կարող են ընտրել իրենց համար լավագույն տարբերակը։ Թվային և արտաքին գովազդի առանձնահատկությունների և ընձեռած հնարավորությունների մասին է այսօրվա մեր բլոգում։

 

Թվայի՞ն, թե՞ արտաքին գովազդ․ այն, ինչ հարկավոր է իմանալ՝ ճիշտ ընտրություն կատարելու համար

Համացանցը նոր հնարավորություններ բացեց գովազդի համար։ Այսօր մարքեթինգային ռազմավարություն մշակելիս առցանց լսարանն անհնար է անտեսել, քանզի մարդիկ իրենց ժամանակի մի մեծ մասն անցկացնում են թվային հարթակներում:

Թվային գովազդի առավելությունները բազմաթիվ են․ այն արդյունավետ է հատկապես ճիշտ լսարանի թիրախավորման և սպառողների հետ ինտերակտիվորեն շփվելու հնարավորության տեսանկյունից։ Այնուամենայնիվ, մի շտապեք միանգամից բոլոր ջանքերն ուղղել թվային հարթակներ՝ անտեսելով արտաքին գովազդի եզակի հնարավորությունները։

Համացանցից դուրս թվային գովազդը չունի որևէ ազդեցություն, մինչդեռ արտաքին գովազդն իր հասանելիության և հաճախականության շնորհիվ գրավում է լայն լսարանների ուշադրությունը։ Այն պակաս նկատելի չէ, քան թվային գովազդը․ ի վերջո, թեև մարդիկ շատ ժամանակ են անցկացնում առցանց հարթակներում, սակայն նրանք շարունակում են տևական ժամանակ գտնվել նաև դրսում՝ գնալ աշխատանքի, զբոսնել, գնումներ կատարել և այլն։

 

Մի կողմից բրենդների թվային ներկայությունը հասանելի է դարձնում դրանք աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդկանց, սակայն մյուս կողմից, քիչ չեն թվային գովազդը նկատելու հնարավորությունները սահմանափակող գործոնները։ Նախ թվային գովազդը դժվար է նկատել, եթե այն տեսանելի դիրքում չէ, օրինակ տեղադրված չէ վեբէջի վերևի հատվածում:

Համացանցի օգտատերերն արդեն հասցրել են վարպետանալ թվային գովազդներից խուսափելու գործում։ Նրանք կարող են կիրառել գովազդների արգելափակման կարգավորումներ, ինչը նվազեցնում է գովազդը թիրախային լսարանին հասցնելու հնարավորությունները։ Միևնույն ժամանակ մարդիկ ուշադրություն են դարձնում գովազդային վահանակին կամ վիզուալ կերպով գրավիչ այլ առարկաներին, որոնք նկատելու համար հարկավոր է միայն մեկ հայացք գցել։ Արտաքին գովազդին մի քանի վայրկյանը բավական է՝ գովազդի ուղերձը փոխանցելու համար։ Այն չի նյարդայնացնում մարդկանց՝ ի տարբերություն անընդհատ անակնկալ կերպով մեր էկրաններին հայտնվող թվային գովազդների։

Նկատենք նաև, որ եթե անգամ օգտատերերը թվային գովազդի արգելափակումներ չեն միացնում, ապա ամեն օր նրանց առաջարկվող գովազդների քանակն այնքան մեծ է, որ այդ առատության մեջ դժվար է առանձնացնել կոնկրետ բրենդի գովազդը։

Ներկայումս արտաքին գովազդն անընդհատ զարգանում է, կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ, օրինակ, ստատիկ գովազդային վահանակներին փոխարինում են թվային էկրանները։ Նոր միտումներն արտաքին գովազդը դարձնում են ավելի տպավորիչ և թույլ են տալիս գովազդային արշավներ նախապատրաստելիս առավել ստեղծարար մոտեցումներ ցուցաբերել։

Արտաքին գովազդն արդյունավետ է հատկապես այն բիզնեսների համար, որոնք ցանկանում են իրականացնել բրենդի երկարաժամկետ իրազեկում և զգալի արդյունքներ գրանցել նպատակային լսարանին հասնելու առումով։

Մինչև վերջերս արտաքին գովազդը զիջում էր թվայինին՝ իրական ժամանակում գովազդը դիտող լսարանի հստակ հաշվարկների հարցում։ Սակայն արտաքին գովազդի 8k.am հարթակի հաշվելիության ծառայության շնորհիվ, այս խնդիրն այլևս լուծված է։ Այժմ գովազդատուն կարող է հստակ կերպով իմանալ, թե որքան է գովազդը դիտող անձանց թիվը։ Հաշվելիության համակարգին առավել մանրամասն ծանոթացեք մեր այս բլոգում։

Արտաքին և թվային գովազդները՝ արդյունավետ համադրություն

Գովազդային միջոցների ընտրություն կատարելիս հիշեք՝ ամեն ինչ կախված է ձեր բյուջեից, բիզնես նպատակներից և լսարանից։

Թե՛ թվային և թե՛ արտաքին գովազդներն առաջարկում են բազմաթիվ յուրօրինակ առավելություններ, որոնք համատեղելով կարող եք իրականացնել արդյունավետ գովազդային արշավներ։ Արտաքին գովազդի միջոցով կարող եք ուղղորդել մարդկանց դեպի թվային հարթակներ, որտեղ իրականացնում եք ձեր թվային գովազդի արշավները։ Այս հարցում ձեզ կօգնի գովազդային պաստառներին QR կոդերը և կայքէջերի հասցեները նշելը։ Իրենց հերթին թվային հարթակները հնարավորություն են տալիս ընդլայնել արտաքին գովազդի հասանելիությունը։

Այսպիսով, արտաքին և թվային գովազդները կարող են փոխլրացնել միմյանց՝ ապահովելով գովազդային արշավների առավելագույն արդյունավետությունը:

 

Add comment